Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է.
«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։
Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։
Հաշվի առնելով, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։
Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար։
Հարգանքով՝
Արցախի նախագահ Բակո Սահակյան
Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան»։