«Շերեմետևո» օդանավակայանում հրկիզված ինքնաթիռի վթարի հիմնական վարկածն օդաչուների սխալն է
Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով «Աերոֆլոտ» ավիաընկերության SSJ 100 ինքնաթիռի աղետը, որը 41 մարդու կյանք խլեց, քննության կողմից դիտարկվում է որպես օդաչուների սխալի հետևանք՝ դա է հիմնական վարկածը: Հնարավոր է նաև, որ ցամաքային ծառայություններն օպերատիվ չեն արձագանքել:
Օդաչուների առաջին սխալը համարվում է ամպրոպի ժամանակ թռչելու որոշումը: Հետո, հայտնվելով բարդ, բայց ոչ աղետալի իրավիճակում, որը կապված էր ավտոմատ կառավարման համակարգերի անջատման հետ, օդաչուները շտապել են վայրէջք կատարել՝ ավելորդ կերոսինն այրելու փոխարեն: Արդյունքում Superjet-ն առավելագույն զանգվածով էր վայրէջք կատարում, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել:
Վայրէջքը կատարվել է ձեռքով՝ direct mode ռեժիմով: Պարզվել է, որ օդաչուները գերազանցել են ոչ միայն ուղեգծային, այլ նաև ուղղահայաց արագությունը, որի հետևանքով վայրէջքն ավելի կոշտ է ստացվել:
Բացի այդ, ստուգվում են «Շերեմետևո» օդանավակայանի ցամաքային ծառայությունները: Օդանավակայանի բորտուղեկցորդների արհմիության ղեկավար Իլոնա Բորիսովան կարծում է, որ «Տագնապ» և «Պատրաստականություն» հրահանգներն ուշացումով են տրվել: Հրշեջները դեպքի վայր են հասել ազդանշանից 3 րոպե անց, սակայն շատ ավելի ուշ, քան բռնկվել է հրդեհը: