ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով Թուրքիայի տարածքում անհայտ անձը ՀՀ քաղաքացուն ներկայացել է որպես ՀՀ ԱԱԾ ծպտյալ աշխատակից և համոզել է աշխատանքային առաջընթացի ահամար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի վերաբերյալ տվյալներ։ ԱԱԾ-ն վերահսկել է ՀՀ քաղաքացու գործողությունները։

«Մասնավորապես՝ Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով Թուրքիայի տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ԱԱԾ աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները։

Լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանին»:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։