Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է թեթև կառուցվածքով շարժական շուկաներ կառուցել՝ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց տրամադրելու համար:

«Հիմա առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանում, հենց երեկ էր առևտրի վարչության պետը եկել, և արդեն պիտի պատրաստվեն սեղանիկները շատ պարզ ծածկով և հավաքովի, որ կարողանան տեղից տեղ տեղափոխել ու կամաց-կամաց կարողանանք տեղավորել շքամուտքերում և դալաններում միրգ ու բանջարաղեն վաճառողներին»,- տեղեկացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա համոզված է, որ փողոցային առևտուրն արգելելուց առաջ մարդկանց պետք է այլընտրանք առաջարկվի:

«Ինչ է նշանակում փողոցային առևտուր: Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել և փողոցում վաճառում է, և վաստակած այդ գումարով ինքը իր երեխային պետք է կերակրի, իր ցավը տանեմ: Հարցը սա է, երբ որ մի բան արգելում եք, պիտի շանս տաք, ուղղակի ասել չի կարելի, հնարավոր բան չէ: Այսօրվա քաղաքապետարանի բարդությունը հենց դրա մեջ է, որ մենք ոչ ասելիս փնտրում ենք այլընտրանք»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ փողոցային առևտուրը հարյուր տոկոսով վերացնել հնարավոր չէ աշխարհի և ոչ մի երկրում: