«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է երեկ՝ 2019թ-ի մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։

«Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։

Հյուրի պաշտամունք և հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։

Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։