ԱԺ խորհուրդը փակ նիստում որոշել է մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է «Առավոտը»:

ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը:

«Այս շենքում ապաքաղաքական բան չկա: Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ և քննարկել»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միտում չի տենսնում, «չուզեցա՞ն իրենց քաղաքական առաջնորդի հայտարարություններն ԱԺ նիստում քննարկման առարկա դարձնել»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե, փաստորեն, հին ավանդույթները շարունակվում են՝ Մարուքյանն արձագանքել է.

«Ես կասեի՝ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում»: