Կվերանորոգվեն Սիս գյուղի ճանապարհները
ՀՀ կառավարության մայսիս 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սիս գյուղի ճանապարհի վիճակից բողոքող երեխաներին։
«Պարոն Պապիկյան, տեսել եք այն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս և ասում՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեցին ու ճանապարհը չսարքեցին։ Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ ճանապարհը կասֆալտապատեն։ Ըստ նրա՝ նախագիծն արդեն ուղարկել են, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով իրականացնեն ճանապարհաշինական աշխատանքները, որպեսզի գործընթացն արագ լինի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է՝ «սրանից հետո Հայաստանի բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձևը որն է»։
«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», - կատակել է վարչապետը: