«Սոճուտ» դենդրոպարկը որպես զբոսաշրջիկների սիրելի վայր․ Գյուլագարակից դենդրոպարկ վերանորոգված ճանապարհը․
Հատկապես հանգստյան օրերին Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղից դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը նմանվում է բանուկ մայրուղու: Ճանապարհը, որի որակից վերջին տարիներին շարունակ բողոքում էին քաղաքացիները, ներկայում վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Գյուլագարակից մինչև դենդրոպարկ հեռավորությունը 3 կմ է, դրա մի մասը (դենդրոպարկի մուտքից սկսած շուրջ 2 կմ) արդեն ասֆալտապատ է, իսկ մյուսն առայժմ միայն խճապատված է:
Զբոսաշրջիկների մեծ հոսքը դենդրոպարկ նախևառաջ պայմանավորված է փշատերև ծառերի փոշոտման սեզոնով, երբ այստեղի օդը հատկապես օգտակար է շնչառական խնդիրներ ունեցողների համար:
Նշենք, որ դենդրոպարկը հիմնադրվել է առաջին հերթին որպես բնապահպանական լանդշաֆտ: Գաղափարի հեղինակը լեհ ինժեներ-անտառագետ Էդմունդ Լեոնովիչն է, որն այգին հիմնել է 1933թ-ին և այն ղեկավարել մինչև 1984թ: Պատահական չէ, որ նա հենց այստեղ էլ թաղվել 1986թ-ին: Դենդրոպարկի տարածքը շուրջ 35 հա է: Ժամանակի ընթացքում այստեղ ներմուծվել ու փորձարկվել են շուրջ 2500 տեսակի բույսեր, սակայն ոչ բոլորն են հարմարվել:
Ներկայում դենդրոպարկում աճում է մոտ 500 ծառաթփատեսակ, այդ թվում՝ կեչի, ընկուզենի, հիմալայան մայրի, սեքվոյա եև այլ էկզոտիկ տեսակներ:
Այստեղ աշխատանքներ են կատարվում հավաքածուի պահպանության և ընդլայնման, ինչպես նաև մեծ պահանջարկ ունեցող տեսակների մշակման ու բազմացման ուղղությամբ:
Զով ու խոնավ ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով բարեխառն կլիման նպաստավոր է փշատերև, թանկարժեք ու բարձր գեղազարդային (դեկորատիվ) տեսակների բազմացման և տարածման համար:
Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Սոճուտ» դենդրոպարկի մուտքը մեկ անձի համար ընդամենը 200 դրամ է: Մի քանի տարի առաջ Լեհաստանի ԱԳՆ-ի ֆինանսավորմամբ այստեղ իրականացվել է «Գյուլագարակի դենդրոպարկի աջակցություն» նախագիծը:
Զբոսաշրջիկներից շատերն այստեղ են հասնում մեքենայով, ու հատկապես կեսօրից հետո այգու մուտքը վերածվում է ավտոկայանատեղիի, ինչը դժարացնում է ոչ միայն հետիոտնի անցուդարձը, այլև հենց մեքենաների շարժը: Փոխարենը շատ բան կարելի է տեսնել Գյուլագարակից կամ հարևան գյուղերից դենդրոպարկ ոտքով քայլելու դեպքում (այդ թվում՝ դաշտամիջյան ճանապարհներով, որոնցից սիրում են օգտվել, մասնավորապես, արտասահմանցի զբոսաշրջիկները):
Դենդրոպարկը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, դրանից արևմուտք լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկն է՝ Բազումթառը (2796 մ, հայտնի է նաեւ Բզովդալ, Դվալ, Թոդոր անուններով), որը տարածաշրջանի զբոսաշրջային կետերից է՝ դեպի գագաթ արշավներ են կազմակերպվում:
Ընդհանրապես, Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում (Ամրակից, Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր) տեսնելու շատ բան կա, այդ թվում՝ Կուրթան գյուղի տարածքում գտնվող Հնեվանք համալիրը (7-12-րդ դդ.), Ամրակից գյուղի ռուսական Ս․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին (19-րդ դար, վերակառուցվել է 1910-1914թթ., վնասվել է Սպիտակի երկրաշարժից), Գարգառի Ս․ Հովհաննես եկեղեցին (1907 թ.), Գյուլագարակի, Հոբարձիի, Կուրթանի, Վարդաբլուրի վաղ միջնադարյան եկեղեցիները:
Գարգառ և Գյուլագարակ գյուղերով է անցնում հայ-թուրքական սահմանից մինչև հայ-վրացական սահման հասնող Մարգարա-Էջմիածին-Աշտարակ-Ապարան-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Գոգավան միջպետական Մ-3 մայրուղին: Վանաձորն ու Ստեփանավանն իրար կապող հատվածն անցնում է Բազումի լեռնաշղթայի Պուշկինի լեռնանցքով (Բզովդալի, Դվալի լեռնանցք, բարձրությունը՝ 2038 մ, լեռնանցքի տակ կառուցվել է 1830 մ երկարությամբ թունել, որը կարճացնում է ճանապարհը), որը, ինչպես և Պուշկինո գյուղը, անվանակոչվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշիկինի պատվին:
Վերջինս 1829 թ. Բզովդալի լեռնանցքով Էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է մեկ այլ ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը Թեհրանից Թիֆլիս տեղափոխող եզասայլին: 1930-ականներին լեռնանցքում տեղադրվել է «Ալ. Պուշիկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին» հուշաղբյուրը, որը 2005թ-ին ռուսական կողմի միջոցներով վերանորոգվել ու տեղափոխվել է Գարգառ գյուղի մոտ: