Վլադիմիր Պոզներ. «Կայցելեի Լեռնային Ղարաբաղ, որ ադրբեջանցիները հասկանան՝ սիրտս այս կողմում է»
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Արցախ այցելելու համար: Այդ մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում:
«Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,- ասել է Պոզները:
Պոզները հայտարարել է նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում:
«Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,- ասել է լրագրողը:
Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերբերվում հայերին ու Հայաստանին՝ շատ խելացի համարելով հայերին: Նա նշել է, որ իրեն գրավում է հայերի եզակի ունակությունը՝ գոյատևել ու վերապրել բարդ պայմաններում: Նաև նրան դուր է գալիս հայերի կենսուրախությունը, անկախ ամեն ինչից:
Նա նաև իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Ըստ նրա, կառավարության ղեկավարի համար շարունակում է շատ կարևոր մնալ, եթե ոչ ամենակարևորը, իր լրագրողի մասնագիտությունը:
«Ես նույնիսկ ուզում էի ասել նրան, որ չի կարելի միաժամանակ և լրագրող, և վարչապետ լինել: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, նրա հետ հաճելի է զրուցել: Նա լսելու ունակություն ունի, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ: Շատ համակրելի մարդ է»,- ասել է Պոզները: