2019թ-ին 3 ամսում ՊՆ գնումներում 8․672 մլրդ դրամի վնաս է գտնվել, 2.488 մլրդ-ը վերականգնվել է
2019թ-ի առաջին եռամսյակում ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցների գնման, գույքի օտարման և զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներում թույլ տրված առերևույթ չարաշահումներով արձանագրվել է պետությանը պատճառված 8․672 մլրդ դրամի վնաս։
2018թ-ի նույն ժամանակահատվածում կատարված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 203.3 մլն դրամ, այսինքն մոտ 42 անգամ պակաս 2019թ-ի առաջին եռամսյակի արդյունքների համեմատ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, վնասից առայժմ վերականգնվել է 2.488 մլրդ դրամ, մյուս մասի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի նախաքննության շրջանակներում:
Առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից 22-ի դեպքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, քրեադատավարական կարգով դրանցով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 8-ով հարուցվել են քրեական գործեր: