Նախկին անտառապետ Հենրիկ Մոսինյանը Ջիլիզայի անտառում զբաղվում է փայտածուխի արտադրությամբ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեջ մտնող Ջիլիզայի անտառներում հատումները չեն դադարում: Դրանք կատարում են հենց անտառը վերահսկողները: Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ախքյորփու անտառապետության անտառապետը վերջին 10 տարիներին Հենրիկ Մոսինյանն էր: Անցած շաբաթ նա ազատվել է աշխատանքից:
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի թողտվությամբ Ջիլիզայի «Ռսիթալա» հանդամասում՝ անտառի սրտում, 2018թ.-ի ձմռանը Կարեն Վարոսյանը փայտածուխի արտադրամաս է հիմնել: Կարեն Վարոսյանը Հենրիկ Մոսինյանի կնոջ որդին է, ինչպես ինքն է ասում` իր տղացուն:
Կարեն Վարոսյանն արտադրամաս հիմնելու համար չի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մասնաճյուղի տնօրինության թույլտվությունը: Հավանաբար, հենց այս պատճառով էլ «Ռսի թալա» հանդամասի փայտածուխի արտադրամասին վերաբերող հարցին անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը տվել է այսպիսի բացատրություն.
«Ռսի թալա»-ն մեր անտառտնտեսության տերիտորիայում չի գտնվում, դա Ալավերդի խոշորացված համայնքի վարչական տարածքն է: Ես մի օր հեռվից նայել եմ փայտածուխի այդարտադրությանը, ես չգիտեմ»,- ասել է Ա. Բարոյանը և անջատել հեռախոսը:
Ջիլիզա համայնքի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի խոսքով՝ Ջիլիզայի «Ռսի թալա» հանդամասը համարվում է անտառային ֆոնդի տարածք: Մհեր Վարդանյանի ասելով՝ «Ռսի թալա»-ն նախկինում Ջիլիզայի հողային հաշվեկշռում չի եղել և այսօր էլ խոշորացված Ալավերդի համայնքի հողային հաշվեկշռում չէ:
«Մեր վարչական տարածքի անտառները պատկանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Վերջինիս է պատկանում նաև Ջիլիզայի «Ռսի թալա» անտառային ֆոնդի տարածքը: Մենք իրավասու չենք նաև փայտածուխի արտադրության թույլտվություն տալու»,- պարզաբանել է Ալավերդու համայնքի ղեկավար Սասուն Խեչումյան:
Ինչպես նշում է «Հետք»-ը՝ «Ջիլիզայի անտառտնտեսության» ավագ անտառապետ Լյովա Կիրակոսյանը հաստատել է, որ «Ռսի թալա»-ն առ այսօր գտնվում է «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում:
Անտառապետ Հենրիկ Մոսինյանը հեռախոսով հայտնել է, թե «Ռսի թալա»-ն պատկանում է Ալավերդի խոշորացված համայնքին, և ինքը իրավունք ունի այնտեղ զբաղվել փայտածուխի արտադրությամբ ևանասնապահությամբ:
Հենրիկ Մոսինյանը չգիտի երևի, որ անգամ այդ դեպքում փայտածուխի արտադրամաս հիմնելու համար պետք է ստանար Ալավերդի համայնքի ավագանու որոշումը, որը նա նույնպես չուներ: Անտառապետը սկզբում հայտնել է, թե «Ռսի թալա» հանդամասի անտառում գործող ածուխի արտադրամասի գործունեության իրավունքը պատկանում է մի երիտասարդի՝ Կարեն Վարոսյանին:
«Այ ցավդ տանեմ, ձայնագրիչն անջատի, անտառտնտեսությունում էլ չեմ աշխատում: Ես հաստատ կապ չունեմ փայտածուխի այս արտադրամասի հետ: Ես այստեղ անասուն եմ պահում»,- ասել է նա: Քիչ անց Հ. Մոսինյանը խոստովանել է, որ Կարեն Վարոսյանն իր կնոջ որդին է, իր տղացուն է:
Նա պնդել է, որ փայտածուխի արտադրության գործում ամեն ինչ օրինական է.
«Ես անտառից հանած իմ փայտի բոլոր փաստաթղթերն ունեմ: Երեկոյան Ձեզ կներկայացնեմ: Ոնց կարող եմ էսօր ապօրինի փայտ տանել: Իմ փայտի վճարները հին ամսաթվով են, մեկ ամսվա առած փայտ է»,- ասել է նա: Երեկոյան Հ. Մոսինյանը ներկայացրել է Կարեն Վարոսյանի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը հաստատող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից հանված 2018թ.-ի հունիսի 27-ի քաղվածքը և ապրանքների մատակարարման հարկային երկու հաշիվ, ըստ որոնց՝ Հ. Մոսինյանը «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի իր ղեկավարած «Ախքյորփու» անտառապետության 00910 անտառահատման նույն համարի երկու տոմսով մայիսի 2-ին և մայիսի 7-ին 10-ական խմ փայտ է տվել իր կնոջ որդու՝ Կարեն Վարոսյանի անունով գրանցված փայտածուխի արտադրամասին: Լոռու անտառտնտեսություններից մեկում մեզ բացատրել են, որ 00910 անտառահատման տոմսով անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանը կարող էր մեկ անգամ վառելափայտ ստանալ «Ախքյորփու» անտառապետությունից: Հ. Մոսինյանը 2018թ.-ի ձմռանից գործող փայտածուխի արտադրամասի վառելափայտի մատակարարման հարկային այլ հաշիվ չի ներկայացրել:
Նրա ներկայացրած ֆինանսական երկու փաստաթղթի տակ, որպես վառելափայտ դուրս գրող, առանց կնիքի և ստորագրման գրված էր «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի ազգանունը: Փաստաթղթում բացակայում է նաև անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանի ազգանունը, ստորագրությունը և կնիքը: Այդպես էլ չհաջողվեց հանդիպել անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանին:
«Ռսի թալա» հանդամասում հանդիպում է եղել նաև մի քանի մեծ փայտակույտերի: Առանց պետհամարանիշի բեռնատարներից մեկը դեռևս բեռնաթափված չէր: Թափված փայտի մեջ թափուկ փայտի մի քանի կոճղեր կային: Մնացածը հազիվ 20-30 օր առաջ հատված ծառերի կոճղեր էին:
«Դրանք «Ռսի թալա» հանդամասում կուտակվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից Ջիլիզայի անտառներում անտառահատում իրականացնելու թույլտվություն ունեցող անհատ ձեռներեցի կողմից՝ վաճառելու համար»,- հայտնել է ավագ անտառապետ Լյովա Կիրակոսյանը: