Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի մի ուղղությամբ ուղևորությունը (150 կիլոմետր) տևում է 2 ժամ 10 րոպե, բայց ՀԿԵ հնարավորությունները թույլ են տալիս այն անցնել 1 ժամ 30 րոպեում՝ որոշ հատվածներում զարգացնելով մինչև 120 կմ/ժ արագություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԿԵ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ անել, քանի որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ստեղծել վթարային իրավիճակներ գծերի վրա:

Մայիսի 28-ի երեկոյան՝ Գյումրի-Երևան էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին: Վերջինս վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ վարորրդը ծանր վիճակում հիվանդանոցում է: Կահավորված գծանցումը գտնվել է վթարի վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Գրառման մեջ նշվում է, որ հերթական վթարը մարդու կյանք չխլեց, բայց միշտ չէ, որ վնասը միայն գույքային է լինում:

«Նման դեպքերի քանակը վտանգավոր ձևով աճում է: Մանավանդ վերջի մեկ տարում մեր ազգաբնակչության մոտ սուիցիդալ տրամադրությունների տարածում է նկատվում: Իսկ գնացքների արագությունների աճի հնարավորությունները ներկայումս սահմանափակվում են նման անխելք վարվելակերպով»,- ասվում է գրառման մեջ: