Արցախի կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Հուշագիրը ստորագրել են Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և կրթական հիմնադրամի նախագահ, բարերար Անուշավան Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից:

Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն, կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020թ-ին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ միջին որակավորմամբ մասնագետ-արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները.

«Ստեղծելով նման կրթական հաստատություն և պատրաստելով համապատասխան մասնագետներ՝ մենք կսկսենք ավելի արդյունավետ օգտագործել մեր ունեցած ռեսուրսները, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Այս ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ կրթության և գիտության ու ԱՀ գյուղատնտեսության նախարարությունների հետ համագործակցությամբ»,- ասել է Ն. Աղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում հատկապես միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում՝ նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող երիտասարդներին՝ մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

«Հայաստանի 9 մարզերում բացել ենք արհեստագործական ուսումնարաններ, որտեղ ուսուցանվում են վարսավիրական, հասարակական սնունդ և սապասարկում, կար ու ձև, դիզայն, փայտամշակում, շինարարական հարդարման աշխատանքներ, համակարգիչների վերանորոգում, ռոբոտաշինություն, ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն և այլն: Խորհրդակցելով Արցախի ԿԳՍ նախարարության ներկայացուցիչների հետ, մենք՝ հիմնադրամի ներկայացուցիչներս, նկատել ենք, որ Արցախում գյուղատնտեսական մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագետները քիչ են: Այդ պատճառով որոշել ենք Բերձորում ստեղծել գյուղատնտեսական քոլեջ, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ մասնագետներ»,- նշել է Ա. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է՝ մշտապես օժանդակել կրթական հաստատություններին և պայմանը` առանց հիմնադրամի թույլտվության ուսումնական հաստատությունները չօգտագործել այլ նպատակներով:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու ծրագիրը Արցախի և Հայաստանի կրթական համագործակցության հերթական գործնական արդյունքն է.

«ՀՀ ԿԳՆ կտրամադրի ներդրվող մասնագիտությունների բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև ուսումնական ծրագրում կներդնենք ձեռնարկատիրական մոդուլը, որը մեր ծրագրային նորություններից է և Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է: Այն նպատակ ունի շրջանավարտներին տալ ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլև ձեռնարկատիրական հմտություններ»,- մասնավորապես նշել է Ա. Աղբալյանը:

Նշենք, որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006թ-ից Հայաստանի մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում: Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է :