Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում դեպի վրացական վանական համալիր
Ադրբեջանական կողմը կարծես չի պատրաստավում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքից հետ կանգնել, ավելին՝ գործնականում հակառակ քայլերն է անում՝ կառուցելով դեպի հարակից բարձունք գնացող նոր ճանապարհ:
Կառուցվող նոր ճանապարհը նկատվում է վանական համալիրի շուրջ ծագած խնդրի մասին Aliq Media-ի պատրաստած ռեպորտաժում։ Արբանյակային լուսանկարները ևս հաստատում են ճանապարհի կառուցումը:
Ըստ արբանյակային լուսանկարների՝ ճանապարհի կառուցումը մեկնարկել է առնվազն մայիսի 17-ից հետո՝ մինչև մայիսի 27-ը ընկած հատվածում: Ճանապարհը տանում է դեպի այն բարձունքը, որտեղ տեղակայված է վանական համալիրը:
Վանական համալիրը անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք: Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին. սահմանապահները չէին թույլատրել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիր, ինչը վրացական կողմում առաջացրել էր հասարակական դժգոհություն: Հատկանշական է նաև, որ միջադեպից հետո մայիս ամսվա ընթացքում եղել է Ադրբեջանի և Վրաստանի սահմանապահ ուժերի ղեկավարների 2 հանդիպում: