Մայիսի 29-ի գիշերը Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին մի խումբ անձինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ:

Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, այդ անձինք եղել են «արցախցիներին հայտնի բանդայի պարագլուխներ Բալայան Ալեքսեյը, Այդինյան Ռոլանդը, Միրզոյան Գրիգորը»:

ՀՀ ստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:

«Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում: