Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներ կառուցած 17 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ փակել են Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքից դեպի Ուջան գյուղ տանող ճանապարհը։

Ակցիային մասնակցող «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում են կատարած աշխատանքի դիմաց վճարել ընկերություններին։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Նրա խոսքով, իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը 17 կազմակերպություններին պարտք է 2 մլրդ 49 մլն դրամ։

«Մեր կազմակերպությունները կանգնել են լուրջ խնդրի առաջ, չենք կարողանում վճարել մեր աշխատակիցների աշխատավարձերը, բյուջեի պարտավորությունները, մատակարար ընկերությունների պարտքերը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ակցիայի միջոցով նրանք հույս ունեն հասնել խնդրի լուծման, ակնկալում են, որ կառավարությունը կկարողանա ճնշում գործադրել «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության վրա։

«Տասը ամիս է՝ մեզ գնդակի տեղ դրած տշում են։ Ընկերությունից ասում են, կառավարությունը մեզ փող է պարտք, պիտի տա, որ ես էլ ձեզ տամ, կառավարությունից էլ ասում են, մենք փողը տվել ենք, էլ փող չունենք տալու։ Անցյալ տարվա օգոստոսից նոյեմբեր կատարած աշխատանքների համար մեզ չեն վճարել»,- ասել է նա։

Ավելի վաղ կազմակերպությունների ղեկավարները ստեղծված խնդրի, ինչպես նաև դրա հետևանքների մասին տեղյակ են պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրել նրա աջակցությունը հարցի կարգավորման համար։