Ֆրանսիայի Սենատն օրինագիծ է ընդունել Փարիզի Աստվածամոր տաճարն իր նախկին տեսքով վերականգնելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ հրդեհից տուժած Նոտր Դամը պետք է վերակառուցվի այն տեսքով, ինչ ունեցել է հրդեհից առաջ: Մասնավորապես, Սենատը որոշել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում եկեղեցու աշտարակը պետք է լինի այնպիսին, ինչպին այն 19-րդ դարում ստեղծել է Էժեն Վիոլե լե Դյուկը: Բոլոր ժամանակակից շինանյութերը ևս պետք է համաձայնեցվեն, գրում է Bird in Flight-ը:

Նոտր Դամի վերականգնումը վիճահարույց հարց է Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում: Սենատի որոշումը հակասում է կառավարության մոտեցմանը՝ հայտարարվել էր, որ միջազգային մրցույթ է անցկացվելու Նոտր Դամի վերականգնման համարձակ և կրեատիվ գաղափարաները հավաքագրելու համար: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ասել էր, որ իրեն հետաքրքիր է Նոտր Դամի վերականգնման «արդիական մոտեցումը»:

Նախագահ Մակրոնը նույնպես կոչ էր արել «գյուտարար վերակառուցման», որն ավելի «կգեղեցկացնի» տաճարը: Սակայն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ հակվում է նախնական տեսքով վերականգնմանը, իր մոտեցումն այդ հարցում «պահպանողական» անվանելով:

Տասնայկ նկարիչներ, դիզայներներ ու ճարտարապետներ ամբողջ աշխարհից հասցրել են իրենց գաղափարներն առաջարկել Նոտր Դամի արդիականացման վերաբերյալ: Ոմանք ենթադրում էին, որ կարելի է ապակյա տանիք անել կամ «կանաչ տարածք» քաղաքային այգով և նույնիսկ ավազանով:

Օրինագիծը ենթադրում է, որ վերականգնման աշխատանքներն ավարտվելու են 2024-ին՝ այդ տարի Փարիզում անցկացվելու են Օլիմպիական խաղերը: Սակայն, ըստ փորձագետների կարող է 10-15 տարի պահանջվել: