Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ-ի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016թ-ի մարտի 31-իորոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Գագիկ Թամանյանը փաստում է՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016թ-ին՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի ուժերով: «Ալեքսանդր Թամանյանին առնչվող 1000-ից ավելի ցուցանմուշներ կային այնտեղ, իսկ այժմ ոչ մի ցուցանմուշ չկա: Խոստացել էին, որ վերակազմավորվելիք կառույցը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը, սակայն այդպես չեղավ: 2016թ-ից սպասում եմ, որ ինչ-որ բան կլինի թանգարանի վերաբերյալ: Եկել եմ Հայաստան՝ պայքարելու այս անարդարության դեմ, և դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»,- նշում է ԳագիկԹամանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ շենքեր կան, որոնք կարելի է օգտագործել որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան, և այդ հարցով դիմել է պետական այրերին, սակայն այժմ դժվարությունների է բախվում: Ցանկություն ուներ հանդիպելու Հայկ Մարությանին, սակայն հանդիպել է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին, ով խոստացել է քաղաքապետին ներկայացնել խնդիրը: Սակայն Գագիկ Թամանյանի խոսքով՝ ինքը վստահ չէ, որ սայլը տեղից կշարժվի:

«Կարծում եմ, որ Թամանյանի մեծության մարդը պե՛տք է ունենա իր անձնական թանգարանը: Նրա հետ կապված բազմաթիվ արժեքավոր նմուշներ կան, որոնք այսօր որևէ տեղ չեն ցուցադրվում: Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, ով կասի, թե Թամանյանն արժանի չէ առանձին թանգարանի»,- նշում է Գագիկ Թամանյանը:

Հավելենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն իրականացնում էր Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում։