ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հաստատել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:

Տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը կօգտագործվեն բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Նախագծում նշվում է, որ կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով ներդրողը պարտավորվում է համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

Շինարարություն ընթացքում կստեղծվի 400 աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո՝ 300 մշտական աշխատատեղ: Աշխատանքները կտևեն 4-4.5 տարի: Բազմաֆունկցիոնալ շենքում մոտ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել: