Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությանը, թե Նոյեմբերյանի համայնքապետարանին ուղղված նամակում ընդամենը իրենց կողմից տրվել է օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն և շրջաբերականում որևէ արգելք չկա, հայտնել է․

«Մեր բուն նպատակը Նոյեմբերյանում հանքերի շահագործումը սահամափակելն է, այլ ոչ թե քննարկելը՝ ինչ-որ որոշումներ հակասում են Սահմանադրությանը, թե չեն հակասում, մեկին դուր են գալիս, թե՝ չէ»։ Այս մասին գրում է infocom-ը:

«Իրենց գրության մեջ հստակ նշված է՝ մեկ ամսյա ժամկետում չեղարկել այդ որոշումները, հակառակ պարագայում՝ դատական կարգով կվիճարկեն։ Այդտեղ մեկնաբանելու բան չկա արդեն։ Դա իրենց կարծիքն է, թե ավագանու ընդունված որոշումը հակասում է օրենքին։ Մեր խնդիրը հանքերի շահագործումը արգելելն է։ Եթե որոշումը հնարավոր կլինի վերաշարադրել այնպես, որտեղ կլինի երաշխիք, որ այստեղ հանք չի շահագործվի, ապա մենք մեր մասով ինչ վարչարարություն պետք է, կկայացնենք»,- ավելացրել է Արթուր Ամիրաղյանը։

Ավագանու անդամը նշում է, որ մենք գործ ունենք օրենքի տարբեր մեկնաբանությունների հետ։ Ըստ նրա՝ ինչ-որ կոնկրետ օրենք չկա, թե ավագանին ինչ-որ կոնկրետ հարցեր չի կարող որոշել։

«Չի կարելի վերցնել Սահմանադրության մի հոդված ու ասել՝ սրան հակասում է։ Նույն Սահմանադրությունը ունի նաև այլ հոդվածներ։ Իրենց նշված հոդվածը վերաբերում է ՏԻՄ-ի և պետական մարմինների իրավասություններին։ Բայց մի ուրիշ հոդվածում գրված է, որ մարդն ունի բարենպաստ շրջակա միջավայրի իրավունք։ Ես չեմ էլ ուզում ասել, որ իրենք սխալ են ասել, բայց ի վերջո չորս հազար Նոյեմբերյանի բնակչի ստորագրության հիման վրա է ընդունվել ավագանու որոշումը։ Եթե լիներ հոդված, որը միանշանակ կասեր՝ չի կարելի ավագանու այս կամ այն որոշում կայացնել, իմ կարծիքով, գրության մեջ կլիներ այդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրական սկզբունք հոդվածը կամ ՏԻՄ-ի իրավասությունների մասին հոդվածները, որոնք ընդհանուր բնույթի հոդվածներ են»,- մանրամասնել է Արթուր Ամիրաղյանը։

Արթուր Ամիրաղյանը հավելել է, որ եթե որոշումը դատական կարգով վիճարկելու հարց առաջանա, ապա օրենքի տարբեր մեկնաբանությունները կգան իրավական հարթություն և ամեն ինչ ավելի պարզ կդառնա։

Հիշեցնենք, որ 2018թ-ի փետրվար ամսին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր է 2018-2021թթ. ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Սակայն հանրային լսումներ չանցկացվեցին, քանի որ տեղի բնակչությունը դժգոհություն հայտնեց ծրագրի և հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ թույլ չի տալու լսումների իրականացումը։ Ինչից հետո ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Լոռիում և Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները։

Ավելի ուշ՝ 2018թ-ի մայիսին, Նոյեմբերյան համայնքի ավագանին ընդունեց աննախադեպ որոշում, ըստ որի՝ արգելվում են համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի թվով 3074 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ համայնքի ավագանին որոշում է արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ»:

Մինչ ավագանու որոշումը՝ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել Նոյեմբերյանում, որի նպատակն էր ստեղծել ժողովրդի կարծիքն արտահայտող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ և ներկայացնել այն համայնքի ղեկավարությանը:

Վերջերս Նոյեմբերյան համայնքը մարզպետարանից նամակ է ստացել, որում ասված է, որ համայնքի ավագանին 2018թ-ին խախտումներով ընդունել է որոշում՝ արգելելով համայնքի տարածքում զբաղվել մետաղական հանքարդյունաբերությամբ, և այդ որոշումը մեկ ամսյա ժամկետում պետք է ճանաչել անվավեր։

Նշենք, որ հետևելով Նոյեմբերյան համայնքի օրինակին, նույնաբովանդակ որոշմներ են կայացրել նաև Ջերմուկ, Արենի, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ավագանիները՝ հիմնվելով համայնքների բնակիչների՝ կոլեկտիվ հանրագրերով արված մետաղական հանքարդյունաբերությունը տվյալ համայնքներում արգելելու առաջարկությունների վրա։

Մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն տալու մասին որոշումը վերացնելու կամ փոփոխելու նմանատիպ հանձնարարական էր ուղարկվել նաև Ջերմուկ համայնքի ղեկավարին, ինչն էլ մերժվել էր ավագանու կողմից։