Մայիսի 28-ին հանրապետությունում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ասկերանի և Մարտունու շրջանների ցանքատարածություններին:

Այս մասին ասել է Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը: Գրում է Արցախպրես-ը։

Նա նշել է, որ վերջին տասնամյակում նման կարկտահարություն չի եղել: Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի ուղեկցությամբ նախարարության աշխատակիցներն այցելել են բնական աղետից ամենաշատը տուժած Մարտունու շրջան, որտեղ իրականացվել է Ճարտարի, Սոսի, Քերթի, Քարահունջի և Մաճկալաշենի ցանքատարածքների և այգիների դիտարկում: Դիտարկում է իրականացվել նաև Ասկերանի շրջանում:

Վ. Ավետիսյանի խոսքով՝ Արցախի գյուղատնտեսության նախարարը տուժած հողատարածքների սեփականատերերին ու վարձակալներին հավաստիացրել է, որ կառավարությունն անպայման միջոցներ է ձեռնարկելու կորուստներ կրած հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու համար: