ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին։

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։

Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն՝ ներկայանալու իրավապահներին»,- գրել է Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Քննությունը շարունակվում է:

Ըստ աղբյուրի, հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13։30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է ԴԲՓ: ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է քննություն: