Հունիսի 14-ին տեղի ունեցած «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկել են, թե ինչպե՞ս են բուհերը պլանավորում ուսանողի առաջընթացը, ուսանողի առաջընթացի արդյունավետ պլանավորումը որքանո՞վ կապահովի շնորհված որակավորումների արժանահավատությունը, որքանո՞վ է կարևոր պրակտիկան ուսանողի առաջընթացի գործում և այլն։ Հաջողված փորձի օրինակով ներկայացվել է, թե ինչպե՞ս ապահովել ուսանողի պլանավորված առաջընթացը ուսումնառության ընթացքում։ Այս մասին «Իրազեկ»-ին հայտնել են Որակի ապահովման ազգային կենտրոնից։

Համաժողովի կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է, որը մեկ տեղում էր հավաքել ուսանողներին, դասախոսներին, կրթության որակի ապահովման մասնագետներին՝ քննարկելու կրթական համակարգի արդիական խնդիրները և լուծման որոշակի մոտեցումներ ուրվագծելու համար։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահություն հայտնել է, որ քննարկվող խնդիրներին կան լուծումներ, որոնք ի վերջո դրական արդյունք կապահովեն։

Կարևորելով ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը՝ պարոն Թոփչյանը նշում է, որ բուհերը հաճախ են ասում՝ ութերով ընդունվողներին չեն կարող տասնութերով ավարտող շրջանավարտ դարձնել։ Նա նշում է, որ ողջ աշխարհում այդ խնդիրը կա․ բարձրագույն կրթության հանրայնացման արդյունքում երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։ Նրա խոսքով՝ աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել։

Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձ, եղան թեմատիկ հարցեր ու քննարկումներ։

Անդրադառնալով շնորհած որակավորումների արժանահավատությանը՝ Ռ․ Թոփչյանը նշել է, որ բուհում ուսանողն ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցվի աշխատաշուկայի պահանջներին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայում իրավիճակն այլ է՝ գործատուն բուհերից ակնկալում է շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։

«Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- ասել է պարոն Թոփչյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակավորումների արժանահավատության խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում՝ աջակցելով բուհերի որակի ներքին ապահովման կենտրոններին խնդիրը բարձրաձայնել, հասցնել մինչև կառավարման խորհուրդներ և խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։

Կրթական գործընթացի արդյունավետության բաղադրիչներից է նաև դասախոսի և ուսանողի մոտիվացիան։ Շահակիցների մասնակցությամբ քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ դասախոսի համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։ Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ բուհերը պետք է խրախուսեն դասախոսներին, որոնք հետազոտում են հենց ուսուցման և ուսումնառության հետ կապված խնդիրները, փորձում դրանց համար լուծում գտնել։ Հետազոտող դասախոսը ոչ միայն իր ներդրումը կունենա կրթական խնդիրների լուծման ուղիների մշակման գործում, այլ նաև ճանաչում ձեռք կբերի, ինչը լրացուցիչ մոտիվացիա կապահովի։

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՈԱԱԿ տնօրենը նշել է, որ այն ծառայել է իր նպատակներին․

«Տեղի ունեցավ բաց քննարկում, բարձրացվեցին շատ սուր հարցեր, տարբեր մոտեցումներ արտահայտվեցին։ Նման քննարկումներն էլ բերում են որոշակի լուծումների և որակի ապահովման»։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իր հիմնադրման 10-մյակի առթիվ 2019թ-ը հայտարարել է որակի տարի։ Այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն էր։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։