«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն և նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Վալերի Գերգիևին և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար: Ուրախ եմ, որ հոկտեմբերի 20-ին Երևանում մենք հնարավորություն կունենանք ոչ միայն մեծարելու մերօրյա հերոսներին՝ բացառիկ խիզախության և նվիրվածության համար, այլև արժանին մատուցելու երաժշտական հանճարին»,- ասել է «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Հայաստանն ինձ համար հատուկ երկիր է, և ես ի սրտե ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակի բազմավեկտոր, հետաքրքիր ու արժեքավոր գործունեությունն ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ ողջունել ու խրախուսել բոլոր նրանց, որոնք ավելի լավ կյանք են ցանկանում իրենց երեխաների և թոռների համար, ավելի համարձակ հանդես գալ իրենց գաղափարներով: Այսօր ամենից շատ կարիք ունենք ճշմարտությունն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները, որոնք իսկապես կարող են փոփոխություն բերել: Ես կոչ եմ անում բոլորիդհնարավոր ցանկացած տարբերակովաջակցելև մասնակից դառնալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ձեռքբերումներին»,- ասել է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը:

Վալերի Գերգիևը նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է, որի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և ԼեյմաԳբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում հայտնի մարդու իրավունքների պաշտպան, ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված «Enough» նախագծի հիմնադիրնախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ ՍամանտաՓաուերը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանըևօսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում: Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դեմքերին: Մեկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել լավագույն փորձը, սերտած դասերը, որոշ դեպքերում՝ ամենատարբեր խնդիրների հաջող և հեղափոխական լուծումները՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ: «Ավրորա» ֆորումը հնարավոր է դարձել հայկական և միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, որոնք համակարծիք են այսօր մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերները հաղթահարելու գործում: