Բրիտանական «Wanderlust» ճամփորդական ամսագիրը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանին և առաջարկել 7 գեղատեսիլ վայր, որն արժե տեսնել Հայաստան այցելելիս՝ ներկայացնելով լուսանկարիչ Նարինե Առաքելյանի բարձրակարգ աշխատանքերը և նրանց կից կարճ պարզաբանումները:

1. Եղեգնաձոր. Եղեգնաձոր քաղաքը տեղակայված է Հայաստանի հարավում, Վայոց ձորի մարզում: Մոտակայքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Նորավանք վանական համալիրը:

2. Ջերմուկ. Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը գտնվում է Վայոց ձորի մարզում: Այն զբոսաշրջիկների շրջանում բավականին հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով, իսկ ձմռանն այն վերածվում է դահուկասահքի համար հիանալի վայրի:

3. Դիլիջան. Դիլիջանն առանձնանում է իր կլիմայական պայմաններով և բացառիկ էկոհամակարգով: Այստեղ է գտնվում Դիլիջանի Ազգային պարկը իր գեղեցիկ անտառներով և գեղատեսիլ Պարզ լիճը: Դիլիջանը հաճախ անվանում են «Հայաստանի Շվեյցարիա»:

4. Արագած լեռ. Արագածը 4 գագաթից բաղկացած լեռ է, որը տեսանելի է մայրաքաղաք Երևանից: Այն հիանալի վայր է մեկօրյա ճանապարհորդության համար, հատկապես եթե դուք սիրում եք լեռնագնացությամբ զբաղվել: Այստեղ կան ազգային ուտեստներ առաջարկող ռեստորաններ, որտեղ կարելի է համտեսել նաև ավանդական խաշ և հիանալ լեռնային տեսարանով:

5. Գեղարդ. Գեղարդը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզում: Գեղարդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված, մոտ է Երևանին և հարմար է մեկօրյա ճանապարհորդության համար:

6. Տաթևեր. Տաթևերը աշխարհի ամենաերկար ճոպանուղին է՝ ձգվելով գրեթե 6 կիլոմետր Հալիձոր գյուղի և Տաթևի վանքի միջև: Ճոպանուղով ուղևորությունը տևում է մոտավորապես 12 րոպե:

7. Սևանա լիճ. Ամռանը Սևանա լիճ այցելելը լավ տարբերակ է քաղաքի տապից փախուստի համար: Այն Կովկասի ամենամեծ լիճն է և աշխարհում ամենամեծ քաղցրահամ լճերից է: Ջուրը մաքուր է և կապույտ: Այստեղ կան բազմաթիվ լողափեր, որտեղ դուք կարող եք պարզապես նստել և հանգստանալ: