Ափամերձ գյուղերից Սևանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետևանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջև է: Ինչպես ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ Սևանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան, գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, :

Իրավիճակը շտկելու համար 2020թ-ի բյուջեում պետք է կատարվեն հատկացումներ: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին` պատգամավորն ասել է, որ Սևանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար է ծախսվելու:

Նա նշել է, որ կոյուղիները ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում են, օրինակ, պլաստիկե շշերը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը:Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը և ձկնային պաշարների սակավացմանը:

«Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար: Աննախադեպ բան է: Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից: Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»,-ասել է Կարապետյանը: