Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցում Հայաստանին է մեղադրել «ապակառուցողական դիրքորոշման» մեջ:

Նա հայտարարել է նաև, որ ստատուս քվոն անընդունելի է:

«Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների ազատման մեկնարկ»,- ասել է Ալիևը:

«Առանձնազրույցի ժամանակ ես տեղեկացրել եմ Տուսկին ԼՂ հարցում մեր դիրքորոշման մասին: Մեր անդրդվելի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-հայտարարել է Ալիևը, հայտնում է Interfax-ը:

Նա հավելել է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղվեն հակամարտության շուտափույթ կարգավորմանը: