Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ըստ նախարարության, սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետ Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր արտադրողներ, սակայն այժմ համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է, տարվում են վթարավերականգման աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումը աստիճանաբար վերականգնվում է:

Նախարարության հաղորդմամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառները ուսումնասիրելու նպատակով:

Նշենք, որ մեկ ժամից ավելի է՝ հանրապետության տարածքում անկանոն հոսանքազրկումներ են, իր աշխատանքն է դադարեցրել նաև Երևանի մետրոպոլիտենը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Ավինյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ էներգետիկ համակարգում վթար կա, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են, որի հետևանքով հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Փոխվարչապետի հաղորդմամբ՝ խնդիրը մինչև երեկոյան ժամը 19։00-ը կկարգավորվի: