Կյանքից հեռացել է հայկական բանակի գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյանը:

Ֆելիքս Գզողյան.

«Ես հերոսի համար չեմ կռվել, ինձ իմ հայ ազգն է պետք, դրա համար էլ ինձ ասում են ժողովրդական գեներալ»։

Մինչև Արցախյան շարժումը Ֆելիքս Գզողյանը ծառայում էր Անդրկովկասյան ռազմական օկրուգում՝ Վրաստանի Ախալցիխե քաղաքում: Երբ Շարժումն սկսվեց, որոշեց զորացրվել ու վերադառնալ Հայաստան, չնայած մեծ պաշտոններ էին առաջարկում խորհրդային բանակում: Ընտանիքն այդ ժամանակ Բաքվում էր, 1989թ-ին տեղափոխեց Հայաստան ու մտավ Շարժման մեջ:

1990թ-ին Իջևանում էր՝ Շամշադինից մինչև Նոյեմբերյան ձգվող ճակատի շտաբի պետն էր, իսկ երբ նույն տարում Երևանում ձևավորվեց Հատուկ գունդը, դարձավ դրա շտաբի պետ: 1991թ-ին Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր ձեւավորվեց պաշտպանության կոմիտե, որի կազմում Ֆ. Գզողյանը բաժնի պետ էր:

Երբ ադրբեջանցիները 1991թ-ի հունիսին գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, ցանկություն հայտնեցի գնալ Շահումյան: Շահեն Մեղրյանն էր շրջանի լիդերը: Նա շտաբի պետն էր, նա էլ հրամանատարը: Նրանք շատ լավ համագործակցում էին:

Սեպտեմբերին հայկական ուժերին հաջողվեց ազատագրել գրավված երեք բնակավայրերը, սակայն այդ ընթացքում էլ Գզողյանը վիրավորվեց՝ ձորից վազել էր, ցատկել, վայր ընկել ու լուրջ վնասվածքներ ստացել: Նրա կողերն էին ջարդվելի, 6 ամիս կորսետով էր ման գալիս, բայց չդիմացավ հիվանդանոցում, նորից գնաց Շահումյան:

Հունվարի 28-ին Գուրգեն Դալիբալթայանի հետ մեկնել են Արցախ, որտեղ էլ նշանակվել է տեղի ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈւ) շտաբի պետ: Չնայած փաստացի Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ԻՊՈւ հրամանատարն էր, ինքն էլ շտաբի պետը հունվարի 29-ից, այդ պաշտոններում հաստատվել են միայն մարտի 26-ին, երբ ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է պաշտպանության կոմիտե (ինքնապաշտպանության կոմիտե, ԻՊԿ) ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: