Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառանալով ՀՀ վարչապետի կոչին՝ ամեն գնով խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից, նշել է, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռնարկում է նմանատիպ դեպքերից խուսափելու համար, սակայն վերջին տասը տարիներին ՃՏՊ-ները շարունակում են և, կարծես, միտված են աճելու, ինչին զուգահեռ՝ աճում է նաև զոհերի և վիրավորների թիվը:

«2018թ-ի համամեմատ 2019թ-ին ՃՏՊ-ներն ավելացել են 342 դեպքով: 2018թ-ի առաջին կիսամյակի համեմատ, այս տարի 54 հազար 216 ավտոմեքենա ավել է ներկրվել: Այս ամենը ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում, նաև՝ ճանապարհների վատ լուսավորության, տրանսպորտային միջոցների տեխզննումների աննկատ համակարգի. սա ձևական բնույթ է կրում, կարելի է ասել՝ ընդհանրապես բնույթ չի կրում»,- ասել է Վ. Օսիպյանը:

Ոստիկանապետը նշել է, որ վարորդներին միայն տուգանելը չի բերում որևէ դրական տեղաշարժի.

«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը: Միայն ու միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարողներին»,- հայտարարել է նա:

Վարչապետն էլ իր հերթին նշել է, որ ինքը ևս այն կարծիքին է, որ վարորդներին տուգանելու քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ եթե բերում է, ապա՝ միայն տեղային ազդեցության: