Հուլիսի 17-ի երեկոյան ԱՄՆ Սպիտակ տունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։

Հաղորդագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Պենտագոնից հայտնել են, որ այսօր ԱՄՆ պետք է անցկացվի բրիֆինգ, որտեղ մանրամասն կներկայացվի Թուրքիային այս ծրագրից հեռացնելու քայլերի հերթականությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հուլիսի 12-ից ստանում է ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերը։ Ռուսական բեռնատար ինքնաթիռները դրանք տանում են մայրաքաղաք Անկարայից 30-35 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված «Մյուրթեդ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։