Պատմաբան, հուշարձանագետ Սամվել կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին․

«ԱԽՊԵՐՍ, ՏՈՒՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ...

Մի քանի հոգի, դե գուցե մի քանի տասնյակ հոգիներ ձկան գործ են անում, դե տղերքը տուն են պահում, ի՞նչ կարող ես ասել, բայց պարզվում է ընդերքի ջրերն անհագ օգտագործելուց ցամաքել են տասնյակ գյուղերի հարյուրավոր ջրհորները, որ առաջ 2 մետրի վրա էին, իսկ հիմա 8 մետր են փորում, որ ջրին հասնեն... նաև Էջմիածնի մայր տաճարն ու հազար ու մեկ կառույցների որմերն են ճաքճքում...

Մի քանի հոգի, դե գուցե մի քանի տասնյակ հոգիներ հոսանքի գործ են անում ու ամբողջ գետեր իրենց հուներից հանել ու խողովակների մեջ են անցկացրել: Սրանք էլ ոչնչացրել են ոչ միայն բոլոր այդ գետերի ձկնաշխարհը, ձորահովիտների բուսականությունը, այլև թունավորել են ցանքսերը (օր. Արագածի խառնարանից սկիզբ առնող Գեղարոտ գետը, որը ապարների միջով հոսելու և այդ կերպ ծանր մետաղներից ազատվելու փոխարեն ցանքսերին է հասնում խողովակներով ու ապականում հողն ու բերքը): Դե, ինչ կարող ես ասել, ախր սրանք էլ են տուն պահում...

Մի քանի հոգի, դե գուցե մի քանի տասնյակ հոգիներ մորթում են վերջին անտառները, որով ոչնչացնում են թթվածնի պաշարները, կենդանական աշխարհը և ցամաքեցնում աղբյուրները: Դե սրանք էլ են տուն պահում...

Այ «տուն պահող» բ-ի տղերք, արդյոք մտածե՞լ եք, թե Հայրենիքն այսպես հոշոտելով անապատացնելուց հետո, շատ-շատ մի քառորդ դար անց ինչպես եք տուն պահելու...»