ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում որոշել է, որ պետական իշխանության մարմիններում աշխատող՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս պարգևատրումներ կստանան:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

Կառավարության 2011թ-ի որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա և (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ և չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգևատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը: Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգևատրման իրավական հիմքերը», - ասված է որոշման հիմնավորման մեջ։