Վրաստանը մոտ €1.2 մլն կհատկացնի Ռուսաստանի Դաշնությունից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների սուբսիդավորմանը: «Սպուտնիկ Գրուզիայի» փոխանցմամբ, երկրի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:

Դրանով նախատեսվում է մեկ տարով պայմանագիր կնքել առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք իրականացնում են համապատասխան ուղղություններով թռիչքներ: Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվում է վրացական օդանավակայաններում շաբաթական առնվազն 2 տարանցիկ չվերթ իրականացնել:

Կառավարության որոշմամբ, ՌԴ-ից Վրաստան ժամանող ամեն ուղևորի համար սուբսիդավորման վճարը կկազմի մոտ €90՝ առանց ԱԱՀ-ի, իսկ յուրաքանչյուր ավիաընկերության հետ համաձայնագրի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի €600,000-ը՝ դարձյալ առանց ԱԱՀ-ի: