ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում որոշվել է փոփոխել 2018թ-ի ապրիլի 12-ին ընդունված խնդրահարույց որոշումը:

Դրա ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:

Փոփոխությամբ առաջարկվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:

Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր որոշման ընդունման արդյունքում որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի։