Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը՝ Հանրային խորհրդի նիստում հայտարարել է․

«Սևանա լճում կատարված մոնիտորինգի արդյունքները բավականին հուսադրող են, 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն, ինչը նշանակում է, որ ծաղկման պրոցեսն ավարտված է»։

Նա նշել է, որ ջրիմուռների ծաղկման շրջանից հետո անջատվում է կալցիում, որը քիմիական փոխազդեցության մեջ մտնելով CO2-ի հետ, տալիս է պղտոր գույնը, որը նույնպես շուտով կավարտվի։

Քննարկմանը ներկա ՀԽ անդամ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ասել է, որ վերջին մոնիտորինգի տվյալներով, Սևանա լճի ջրում թունավորում չկա, բայց եթե աղտոտված պահվի, ցանկացած ժամանակ նորից կբարձրանա, ֆոնը դեռ չի փոխվել։

Նա նշել է, որ իրենք երկու խոշոր ծրագիր են մշակել, ներկայացրել են կառավարությանն ու Ազգային ժողով, հույս ունի այս տարի կկարողանան իրականացնել։

ՀԽ անդամ բնապահպան Կարինե Դանիելյանն ասել է, որ դեռ փետրվարին իրենց՝ բնապահպանական հարցերով հանձնաժողովը դիմել էր վարչապետին, քանի որ դեռ այն ժամանակվանից մտավախություն ունեին կապված Սևանա լճի հետ։

«Խնդրել էինք այս տարի լրացուցիչ ջրառ չիրականացվի, տատանումները բացասական են ազդում, նաև սեյսմիկ ռիսկ է պարունակում։ Երկրորդ՝ մաքսիմալ արագ կարգի բերել ոռոգման համակարգը, մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սևանից վերցնում ենք»,- ասել է բնապահպանը։

Նրա խոսքով, հաճախ ասում են, որ ծաղկումը կլիմայի փոփոխության արդյունք է.

«Իհարկե, ունի, բայց հիմնարար ազդեցությունն աղտոտվածությունն է, տարիների ընթացքում ջրի մակարդակն իջեցվում է, խախտված է լճի ողջ էկոհամակարգը։

Հատակի շերտի ջերմաստիճանն առնվազն պետք է լինի 4 աստիճան, որպեսզի նորմալ պրոցեսներ գնան։ Մենք հազվագյուտ տեղերում է, որ ունենք 4 աստիճան, մյուս տեղերում հիմնականում 1-3 աստիճան է, նշանակում է, որ լրիվ այլ պրոցեսներ են գնում»։

Կ. Դանիելյանն ասել է, որ պետք է ավելացնել ձկնային պաշարները, որոնք սանիտարի դեր են կատարում։

Բնապահպանը նշել է, որ պաշտոնյաների հայտարարությունները, օպտիմիզմը, որ ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ, ուղղակի ծաղկման սեզոնն ավարտվել է, ջրիմուռներն իջել են հատակ, այնտեղ նեխման պրոցեսներ են գնում, ինչը վատ է լճի համար։