Արարատ և Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել
Արարատ և Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը ևս ծածկված է հողի շերտով, իսկ վրան կանաչ խոտ ու ծաղիկներ են։ «Հոբբիթ» գրքում տնակներն անվանվում են հոբբիթի «որջեր», բայց հեղինակը զգուշացնում է, որ որջ ասելով չպետք է հասկանալ կեղտոտ, խոնավ, աղքատիկ տարածք, այլ հոբբիթի որջը հարմարավետությունն է. Դիլիջանում կառուցած «Հոբբիթի տուն» հյուրատան գլխավոր նպատակը ևս հարմարավետության ապահովումն է։
Էդգար Գուլանյանը ոգևորել է համանուն ֆիլմում պատկերված հոբբիթների տների տեսարանով, ծնվել է հյուրատուն կառուցելու միտքը։
Սա եղբայրների առաջին հյուրատունը չէ. նրանք ևս երկուսն ունեն Դիլիջանում, բայց որոշել են նորը դարձնել տուրիստական վայր։
Եղբայրների նպատակներից մեկն այն է, որ հյուրատուն եկած տուրիստը կարողանա հնարավորինս մոտ լինել բնությանը։
Մեկ շաբաթ է՝ ինչ բացվել է հյուրատունը. եղբայրները հյուրերի պակասից չեն դժգոհում։
Հյուրատունը կառուցել են ընտանիքի անդամներով, Էդգարը նկարիչ-դիզայներ է, նա է գծագրել հյուրատունը, էսքիզներ արել, իսկ ընտանիքի հայրը՝ Արտավազդ Գուլանյանը տեղացի բնակիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ղեկավարել է շինարարական աշխատանքը, որից հետո նկարազարդել են պատերը, հյուրատան կահույքը պատրաստվել է դիլիջանցի վարպետների կողմից։ Արարատի պնդմամբ կարեւոր է, որ հյուրատունը նաև աշխատատեղ ստեղծի տեղացիների համար։
Հյուրատան յուրաքաչյուր տնակ 20 քմ տարածք է զբաղեցնում, հյուրերին դիմավորում են «Հոբբիթի» ֆանտաստիկ հերոսները։
Ըստ Էդգարի եղել են դժվարություններ, օրինակ, թե ինչպես ցեմենտապատել տնակների տանիքը, որպեսզի պահպանվի կորությունը կամ ինչպես հողի շերտ փռել տանիքի վրա, որպեսզի այն չթափվի։ Տանիքին փռված հողի 4-5 սմ-անոց ծածկույթի տակ մի քանի շերտ տարբեր շինանյութեր են օգտագործել՝ ջուր, խոնավություն չքաշելու համար, խոտի արմատների կողմից բետոնը չքանդելու համար և խոտը կանաչ պահելու համար։ Հյուրատան համար կարևոր է եղել ունենալ կլոր դռներ, ինչպես գրքում հոբբիթների տներն ունեն, սակայն Արարատի պնդմամբ՝ կլոր դռները ամրացնելն այնքան էլ հեշտ չի եղել, քանի որ պիտի կարողանային այնպես անել, որ դռները հեշտությամբ բացվեն։
Առաջին տպավորությունից տները փոքր են երևում, բայց իրականում բարձրությունը 2-2.5 մետր է։
Եղբայրների համար կարեւոր է Հայաստանում տուրիստների հոսքը մեծացնելը և հնարավորինս շատ տուրիստներ Դիլիջան բերելը։ Արարատն ասում է, որ իրենք ևս փորձելու են ունեցած հնարավորությունները օգտագործել.
«Պիտի կարողնանաք լավ ծառայություններ մատուցել, որպեսզի Հայաստան եկած տուրիստը դժգոհ չհեռանա և հետ գնալուց հետո գովազդի Հայաստանը, իր ընկերներին պատմի Հայաստանի մասին»,- հավելում է Արարատ Գուլանյանը։