Աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող Ալ Ջազիրա ցանցին պատկանող Ալ Ջազիրա Ինգլիշ հեռուստաալիքը 2019թ․ հունվարի 31-ին 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի պայքարին ու բնապահպանությանը։ Այս մասին գրում է armecofront-ը։

«Մարդիկ ու իշխանությունը» հետաքննական հաղորդաշարի լրագրող Գլեն Էլիսը և ռեպորտաժի համահեղինակ Վիկտորիա Կոլչինան 2018թ․ դեկտեմբերին այցելել են Հայաստանի հյուսիսից մինչև հարավ խոշոր հանքարդյունաբերական տարածքները, տեղում ծանոթացել հանքարդյունաբերության ստեղծած խնդիրներին, հարցազրույցներ են անցկացրել պետական պաշտոնյաների, փորձագետների, Հայաստանի բնակիչների, Ամուլսարի պահապանների, բնապահպան ակտիվիստների հետ։

Ֆիլմի տպավորիչ կադրերն ու զրույցներն ընդգծում են, թե ինչպե՞ս է հանքարդյունաբերության ստեղծած խնդիրների ծանր ժառանգությունը հանգեցրել նոր հանքերի դեմ պայքարին և Հայաստանի խիստ արժեքավոր կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներկայիս շարժմանը։

Կիզակետում պահելով Ամուլսարի պահպանության պայքարը՝ Ալ Ջազիրայի հեղինակավոր լրագրողները հարցադրումներ են արել Ամուլսարի հանքի ծրագրում դերակատարումներ ունեցած անձանց։ 2013թ․ Լիդիանի տնօրենների խորհրդի անդամ հանդիսացած Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից, ով ներկայում զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը, «Մարդիկ և իշխանությունը» հաղորդումը մեջբերում է․ «Լիդիանում տնօրեն նշանակվելիս՝ ես պարտավոր էի ստորագրել գաղտնիության հանձնագիր։ Ամուլսարի հետ կապված՝ իմ խիղճը մաքուր է»։ Մինչդեռ ֆիլմում նշվում է, որ հենց Արմեն Սարգսյանն է դարձել Ամուլսարը շահագործելու ծրագրի բարձրաստիճան միջնորդը։

Ուշագրավ են նաև Լիդիան ընկերության ներկայացուցիչների հետ հարցազրույցները։ Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանը պնդում է, որ «․․․այս ծրագիրը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար: Մենք նախագիծն այնպես ենք կազմել, որ այն բնապահպանական առումով անվտանգ լինի… ոչ մի խնդիր չկա ջրի հետ կապված, ոչ մի խնդիր չի լինելու համայնքի առողջության հետ կապված»: Չնայած այս պնդումներին՝ Գնդեվազ գյուղի բնակիչները պատմում են արդեն իսկ շինարարության փուլում առաջ եկած էկոլոգիական և սոցիալական խնդիրների ու մի քանի անգամ իրենց ջրագծերի վնասման մասին: Ամենաշատը բարձրաձայնվող մտահոգություններից մյուսի՝ կենսաբազմազանության վտանգման մասին Լիդիան ընկերության Կայուն զարգացման գործով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշում է․

«… բնական միջավայրը փոխելով՝ նաև միջավայր ես ստեղծում նոր տեսակների առաջացման համար»:

Հայաստանի կենտրոնում գտնվող Ամուլսարի խնդիրը կապվում է նաև Եվրոպայում ու տարածաշրջանում դեռևս կենդանի մնացած վերջին մեծ կատվի՝ ընձառյուծի պահպանության հետ։ Զանգեզուրի լեռնաշղթան և Վարդենիսի լեռնավահանը ընձառյուծի միգրացիոն երկու ուղիներից մեկն են, որով նա կարողանում է գոյատևել։ Ալ Ջազիրան իր ֆիլմը վերնագրել է հենց այս խնդիրն ընդգծելով՝ «Հանքարդյունահանմամբ վերացնելով ընձառյուծին»։

Ֆիլմն ամբողջությամբ դիտելու համար կարող եք այցելել Ալ Ջազիրայի ինտերնետային կայք՝ www.aljazeera.com։

Գլեն Էլիսի տպավորություններով հոդվածը (Mining vs the environment: The battle over Armenia’s Amulsar gold mine) կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ www.aljazeera.com