2018թ-ի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նշված ԲՈԻՀ-ի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու բազմաթիվ դեպքերի, դրվագների վերաբերյալ։

Դրանց հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի տարբեր մասերի և կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մի քանի քրեական գործեր հարուցվել են նախաքննությամբ ձեռք բերված նոր փաստական հանգամանքների հիման վրա: Ելնելով նշված դեպքերով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունից՝ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված ապացույցների համակցությամբ ԲՈՒՀ-ի պրոռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական գործողություններ, կայացվել դատավարական որոշումներ: Նշանակվել են մի քանի համալիր փորձաքննություններ: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ: ԲՈՒՀ-ից առգրավել են 2016-2018թթ-ի ընթացքում ԲՈՒՀ-ում կազմակերպված գնումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Զննվել են 2009-2013թթ-ի ուստարիների ընթացքում Շիրակի պետական համալսարանում սովորած ուսանողների վարձավճարների վերաբերյալ երեք տասնյակից ավելի մատյանները, 2010-2018թթ-ի անվճար համակարգում սովորած ուսանողների, 2010-2018թթ-ի ընթացքում վարձավճարների պարտքեր ունեցող ուսանողների ցուցակները:

2019թ-ի ապրիլի 1-ից համալսարանում նշանակվել էր ստուգում, որն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խմբի կողմից:

Ստուգման արդյունքներին վերաբերող ակտով, ինչպես նաև նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական այլ գործողություններով պարզվել են մի շարք իրավախախտումներ և առերևույթ հանցագործության դրսևորումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսումնական տարիներին հավաքագրված և ԲՈՒՀ-ի հաշվին մուտքագրված ուսումնական վճարների միջև առկա է մոտ 372 մլն դրամի տարբերություն:

Բացի այդ՝ ՇՊՀ-ի ռեկտորատի որոշմամբ Արցախում ավերված տարածքների վերականգնման կարիքների համար իրականացված դրամահավաքի արդյունքում հավաքագրված 1,1 մլն դրամը չի արտացոլվել ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվություններում, իսկ հավաքագրված գումարը չի ուղղվել նախատեսված նպատակների իրականացմանը։

Պարզվել է նաև, որ չնայած 2012-2016թթ-ի ՇՊՀ-ի կողմից դիպլոմների և դրանց հավելվածների տպագրության աշխատանքները կազմակերպելու համար յուրաքանչյուր շրջանավարտից 5500 դրամ է հավաքագրվել, սակայն ՇՊՀ-ի հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց մասին համապատասխան գրանցում կատարելու կամ դրանց ծախսման վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ:

Պարզվել են 2013-2016թթ-ի ԲՈՒՀ-ի կողմից շահագործվող ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի ավելի ծախսագրումներ, գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի պահանջների խախտմամբ, առանց համապատասխան անհատական իրավական ակտերի առկայության ՀՀ տարբեր մարզերում ԲՈՒՀ-ին պատկանող ավտոմեքենաներով մոտ 10.7 մլն դրամի չափով վառելիքի ծախսմամբ վազքեր կատարելու փաստեր:

Պարզվել է, որ առանձին դեպքերում գործուղման մեկնած աշխատողներին գործուղման գումարները ԲՈՒՀ-ի միջոցներից փոխհատուցվել են այն դեպքում, երբ հրավիրող կողմն արդեն փոխհատուցել էր դրանք: 2010-2011թթ-ի և 2011-2012թթ-ի ուսանողների նկատմամբ կիրառված զեղչերի, դրանց չափերի միջև թվով 574 դեպքով առկա են ուսման վարձավճարների զեղչերի կիրառման անհամապատասխանություններ։