ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել:

Կիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհ, շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, երկրի նույն հատվածում` վիրավոր։

Այս պայմաններում, մեղմ ասած, տարակուսելի ու մտահոգիչ է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է մեկնել հանգստի՝ անցկացնելու ամառային արձակուրդները։ Վերը նկարագրված իրավիճակը, որը ամեն օրվա հետ նոր՝ և ռազմավարական, և ընթացիկ լուծում պահանջող մարտահրավերներ է ծնում, պահանջում է անընդհատ աշխատանք, առաջին հերթին դիվանագիտական աշխատանք՝ Ռուսաստանում ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում մեր դեսպանատների, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ու ներկայացուցչի մակարդակում։

Այդ աշխատանքի փոխարեն արտգործնախարարը մեկնում է հանգստի՝ խորհրդանշանական ուղերձ հղելով, որ Հայատսանի անվտանգության ապահովումը ինչպես եղել է, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորի ուսերին, առանց պետության, առանց դիվանագիտության թիկունքային աջակցության։

Ցավոք, սա այն դեպքն է, երբ չենք կարող ասել, որ Զոհրաբ Մնացականյանի հանգիստը վաստակած հանգիստ է»: