Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը` հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը(հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023թ-ից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

Վերանայվել են թղթային դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:

Վերանայվել են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ:

Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում: