Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Երևանում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

Անչափ լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-2 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց նաև Հովհաննես Համբարձումյանին, որը դարձավ խաղի երրորդ գոլի հեղինակը: Չորրորդ գոլը սեփական դարպասին ուղարկեց բոսնիացիների կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը:

Խաղի ընթացքում հիանալի դրսևորեց իրեն մեր դարպասապահ Արամ Հայրապետյանը: Բոսնիացիները մի քանի իրական գոլային հնարավորություն ունեցան, սակայն Հայրապետյանը իր փայլուն խաղով պահեց հաղթական հաշիվը:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Հայաստանը J խմբում վաստակում է 9 միավոր ու բարձրանում 3-րդ հորիզոնական: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով 4-րդն է: