Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները չեղյալ են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը երկրի տարածքում։

Որոշումը կայացվել է Հարությունյանին վերաբերվող քրգործի նյութերը հետազոտելուց հետո։ ՌԴ տարածքում Հարությունյանին այլևս ոչինչ չի սպառնում։ Նա, սակայն, կարող է ձերբակալվել, եթե լքի երկրի սահմանները։

Այս մասին է գրում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրը նշել է, որ Հարությունյանի ձերբակալման վերաբերյալ հարցումը ստացվել էր միջպետական հետախուզման գծով, ոչ թե ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հարցման մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նա, ի թիվս այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի՝ սահմանադրական կարգի տապալման համար պատիժ նախատեսող հոդվածով։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է 2002թ-ից ու ենթակա չէ արտահանձնման։