Այս տարվանից մեկնարկում են Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Գյումրիում:

Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:

Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից և մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:

Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը»։