«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն պնդում է՝ պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային և փակել իր ձեռնարկությունները, եթե «ժողովուրդը կամենա»: Այս մասին նա այսօր հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ծառուկյանը նշել է, որ իշխանությունները հասկանում են՝ կանգնած են լուրջ փաստի առաջ և պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն՝ արդյունքները ժողովրդին ներկայացվելու համար։

«Եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, թող բացեն, չի լինի ժողովրդի համաձայնությունը՝ թող չբացեն»,- նշել է ԲՀԿ ղեկավարը:

Չնայած դրան՝ ԲՀԿ առաջնորդին զարմացնում է այն, որ Lydian Armenia-ն կատարել է 400 միլիոն դոլարի ներդրում և այդ գումարով կառուցել երկու պոչամբար ու բերել 50 միավոր տեխնիկա են։ Ծառուկյանի կարծիքով՝ այդ գումարով կարելի էր կառուցել 10 գործարան` 20 հազար աշխատատեղով։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ իր երկու հանքարդյունաբերող ընկերությունները՝ Արարատի ցեմենտի գործարանը և Մղարթի ոսկու հանքը, կփակվեն, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի դրանց շահագործմանը կամ դրանք վնասեն բնությանը: