Հոկտեմբերի 19-ին Արցախի Մարտունի քաղաքում կայանալու է նռան երրորդ փառատոնը։ Այդ առիթով Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը նշել է․

«Պետք է նշեմ, որ այս տարի փառատոնին լինելու են մի շարք անակնկալներ և հետաքրքիր ծրագրեր: Առայժմ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 մենատնտես: Բացի դրանից, առանձին տաղավարներով ներկայանալու են նաև համայնքները: Այս տարի հայտեր ունենք նաև Երևան քաղաքից: Առայժմ հայտագրման գործընթացը շարունակվում է, և մինչև հոկտեմբերի 14-ը բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, կարող են դիմել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին», - այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Նա հայտնել է, որ փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են: Տոմսի արժեքը 1000 դրամ է:

Ավտոբուսները շարժվելու են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը 09:00-ին, իսկ ժամը 11:00-ին տեղի է ունենալու փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: