Մխիթար Հայրապետյան. «Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թել Աբյադից, տուժածներ չկան»
Սիրիահայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թուրքիայի գնդակոծության տակ հայտնված Թել Աբյադ քաղաքից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Ղամիշլիին, ապա այնտեղ ունենք մոտ 3 հազար հայ, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն դեռևս չկա:
Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ», - ասվում է գրառման մեջ: