«Էրեբունի-Երևան 2801»-ը նշվելու է հոկտեմբերի 19-ին։ Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասել է, որ տոնակատարության ձևաչափը փոխվել է, տոնակատարություններ անցկացվելու են Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում․

«Մենք փոխել ենք կենտրոնական մեկ միջոցառման ձևաչափը։ Երևանի 21 վարչական շրջաններում կլինեն հավասարապես նույն տեխնիկական հագեցվածությամբ, նույն բարձր մշակութային արժեք ներկայացնող միջոցառումներ և մեկ պաշտոնական միջոցառումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»։

Նա նշել է, որ հրաժարվել են կենտրոնական հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից մի շարք հանգամանքներից ելնելով.

«Երբ միջոցառումը կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ Երևանն ու վարչական շրջանները զրկվում են հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից իրենց իսկ վարչական շրջանում։ Մեկ միջոցառման դեպքում ամբողջ տեխնիկական, ստեղծագորական ներուժը հնարավոր չի օգտագործել, մեկ ընկերություն է զբաղվում դրանով, ընդամենը մի քանի արտիստներ են հնարավորություն ունենում ելույթ ունենալ»։

Երևանի վարչական շրջաններում տեղի են ունենալու տարբեր ոճերի համերգային ծրագրեր։ Տ. Վիրաբյանն ասել է, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներ են տրամադրվել։

«Մրցութային փաթեթը պատրաստել ենք ոչ թե մեկ փաթեթով, որ մեկ ընկերություն մասնակից ու ինքը կազմակերպի տոնակատարությունը, այլ ներկայացել են 13 փաթեթով», - ասել է Երևանի փոխքաղաքապետը։

Նա տեղեկացրել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն կազմակերպելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն, որոշները հաղթել են մրցույթում և կազմակերպիչներ են։ Տ. Վիրաբյանն ասաց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք միջոցառմանը ներկայացվելու է մեկ տարվա հաշվետվություն, ամփոփիչ ֆիլմ, կայանալու է պարգևատրման արարողություն, իսկ մշակութային մասը կազմում է միջոցառման 20-25 տոկոսը։ Ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

«Պատրաստում ենք երկու նվագախմբի համար պրեմիերա. Տիգրան Մանսուրյանի «Հետևիր արևին, արի Երևան» նոր ստեղծահոությունը կհնչի արդեն նվագախմբի և երգչախմբի կատարմամբ»,- ասել է փոխքաղաքապետը։

«Էրեբունի-Երևան 2801»-ի բյուջեն, Տ. Վիրաբյանի ներկայացմամբ, նախատեսված է 190 միլիոն դրամ, որը վերաբերում է և բուն միջոցառումներին, և բրենդավորմանը։ Բրենդավորման համար հայտարարված մրցույթում հաղթել է «Փաբլիսիս» ընկերությունը, որն ավելի քան 45 միլիոն դրամի պայմանագիր է կնքել, առաջարկության մեջ մտնում է լոգոտիպը, քաղաքում տեղադրված պոստեռները, ձայնագրություն, տեսանյութ։ 13 միջոցառման համար բյուջեն կազմում է 128 միլիոն 638 հազար դրամ։

Նա նշել է, որ նախորդ տարվա բյուջեն նախատեսված է եղել 800 միլիոն դրամ, որից ծախսվել է 507 միլիոն դրամը։