Քոբանիից հեռացել են այնտեղ մնացած վերջին հայերը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը։

Նշվում է, դեռ մինչև երեկ այնտեղ հայ բժիշկներ կային ու ծառայությունն էին իրականացնում, սակայն Թուրքիայի ներխուժումից հետո նրանք էլ հեռացել են առավել ապահով շրջաններ։ Մի քանի ժամ առաջ Քոբանին դարձել է հարձակման թիրախ։ Վնասները միայն նյութական են, զոհեր չկան։

Թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ: Նախօրեի կեսօրին թուրքական ռմբակոծիչները հարձակվել են քրդական դիրքերի վրա, երեկոյան գործի է դրվել թուրքական հրետանին: Օդային հարձակումներից և հրետակոծումից մի քանի ժամ անց Թուրքիան սկսել է ցամաքային գրոհ:

Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական: Սիրիայում քաոսային վիճակ է, մարդիկ լքում են իրենց տները։