Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։

Հիշեցնենք, որ չարաշահումների մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ հետազոտման։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

«Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ դա երկրորդ քրեական գործն է, որով Գ. Խաչատրյանն անցնում է։

Նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաև ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ փետրվարից։ Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս գործը վերաբերում է պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին։

Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։